BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Միայն միջազգային ահաբեկչության դեմ պայքար՝ Պուտինի ու Թրամփի հեռախոսազրույցը

Միայն միջազգային ահաբեկչության դեմ պայքար՝ Պուտինի ու Թրամփի հեռախոսազրույցը
29.01.2017 | 14:05

Նախագահության 8-րդ օրը միայն անկանխատեսելի նախագահ Դոնալդ Թրամփի և անկառավարելի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրուցը կայացավ, որի մասին մի քանի օր հաղորդում էին լրատվամիջոցները: kremlin.ru նախագահական կայքի փոխանցմամբ՝ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Դոնալդ Թրամփին պաշտոնակալության առիթով, հաջողություններ մաղթել: Զրույցի ընթացքում երկու կողմերն էլ դրսևորել են համատեղ ակտիվ աշխատանքի պատրաստակամություն ռուս-ամերիկյան փոխգործակցության կայունացման ու զարգացման համար՝ կառուցողական, իրավահավասար ու փոխշահավետ հիմքերի վրա: Հիմնավոր քննարկվել են ակտուալ միջազգային պրոբլեմները, ներառյալ ահաբեկչության դեմ պայքարը, իրավիճակը Մերձավոր Արևելքում, արաբաիսրայելական կոնֆլիկտը, ռազմավարական կայունության և չտարածման ոլորտը, իրավիճակը Իրանի միջուկային ծրագրի և Կորեական թերակղզու վերաբերյալ:

Անդրադարձել են նաև ՈՒկրաինայի ճգնաժամին: Պայմանավորվել են գործընկերային համագործակցություն ձևավորել այս և այլ ուղղություններով: Ընդ որում՝ ընդգծվել է ջանքերի միավորման գերակայությունը գլխավոր սպառնալիքի՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում: Նախագահները կողմ են ռուսական և ամերիկյան գործողությունների ռեալ համակարգմանը ԻՊ-ի և Սիրիայում գործող այլ ահաբեկչական խմբավորումների ջախջախման նպատակով: Ընդգծվել է երկու երկրների գործարար շրջանակների փոխշահավետ առևտրատնտեսական կապերի վերականգնման կարևորությունը, որ կարող է լրացուցիչ խթանել երկկողմ հարաբերությունների առաջընթացը ու կայուն զարգացումը:
Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը պայմանավորվել են հանձնարարականներ տալ իրենց անձնական հանդիպման հնարավոր ժամկետներն ու վայրը որոշելու մասին: Դոնալդ Թրամփը խնդրել է երջանկության ու բարգավաճման իր մաղթանքները փոխանցել ռուս ժողովրդին, նշելով, որ ԱՄՆ-ի ժողովուրդը համակրանքով է վերաբերվում Ռուսաստանին ու նրա քաղաքացիներին: Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանում համանման զգացումներ ունեն ամերիկացիների նկատմամբ: Նա հիշեցրել է, որ մեր երկիրը երկու հարյուրամյակ աջակցել է Ամերիկային, եղել նրա դաշնակիցը համաշխարհային երկու պատերազմներում և հիմա ԱՄՆ-ը համարում է կարևորագույն գործընկեր միջազգային ահաբեկչության դեմ պայքարում: Նրանք պայմանավորվել են անձնական կանոնավոր կապ պահպանել: Հեռախոսազրույցն անցել է դրական և գործնական մթնոլորտում:


BBC-ին փոխանցում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շաբաթ օրը հեռախոսային բանակցություններ են վարել՝ առաջինը Թրամփի պաշտոնակալությունից հետո: Զրույցի մանրամասները դեռ չեն հաղորդվել: Հեռախոսային բանակցություններին, որ ԱՄՆ նախագահը վարել է Օվալաձև աշխատասենյակում, ներկա են եղել ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինը, աշխատակազմի ղեկավար Ռայնս Պրիբուսը, քաղաքական հարցերով խորհրդական Սթիվեն Բենոնը: Պուտինի հետ խոսակցությանը նախորդել է 45- րոպեանոց հեռախոսազրույցը ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ: ՌԴ նախագահը արտասահմանյան հինգ ղեկավարներից է, ում հետ Թրամփը շաբաթ օրը հեռախոսային բանակցություններ է ունեցել: Պուտինն ու Թրամփը մինչ այդ արդեն զրուցել էին հեռախոսով, բայց դա ԱՄՆ նախագահի պաշտոնակալությունից առաջ էր և ՌԴ նախագահը շնորհավորել էր նրան նոյեմբերյան ընտրություններուն հաղթելու առթիվ: Որոշ լրատվամիջոցներ մինչ այդ ենթադրել էին, որ հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը կարող է Պուտինին հաղորդել ԱՄՆ պատժամիջոցները հանելու լուրը: Սակայն ուրբաթ օրը Բրիտանիայի վարչապետի հետ համատեղ մամլո ասուլիսում Թրամփը հայտարարեց, որ առայժմ չափազանց շուտ է քննարկել պատժամիջոցները, որ Մոսկվայի դեմ սահմանել է իր նախորդը: Նա ընդգծեց, որ հույս ունի լավ հարաբերություններ հաստատել ՌԴ նախագահի հետ և համատեղ պայքարել ահաբեկչության դեմ: «Ես հույս ունեմ, որ մենք ֆանտաստիկ հարաբերություններ կունենանք, -ասաց մամլո ասուլիսում Թրամփը:-Դա հնարավոր է: Գուցե և հնարավոր չէ: Տեսնենք՝ ինչ կլինի»: Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ասաց, որ պնդելու է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների պահպանումը, քանի դեռ Մոսկվան չի կատարել Մինսկի համաձայնությունները:


Դոնալդ Թրամփը դեռ նախընտրական շրջանում համարվում էր ռուսամետ թեկնածու: Նա բացահայտ կողմ էր Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացմանը: Կրեմլը ևս Վաշինգտոնի հետ հարաբերությունների նորմալացման հույս էր հայտնում: Թրամփն ու Պուտինը հեռակա հաճոյախոսություններ էին փոխանակում, սակայն հետագայում երկու նախագահներն էլ լրագրողներին հայտարարեցին, որ անձնապես ծանոթ չեն և ընդհանրապես միմյանց մասին շատ քիչ գիտեն: Մոսկվան ժխտում էր, որ արդեն այն ժամանակ Թրամփին համարում էր ԱՄՆ նախագահի իր համար առավել հարմար թեկնածու, նշելով, որ պատրաստ է համագործակցել ԱՄՆ նոր նախագահի հետ՝ ով էլ հաղթի ընտրություններում: Շատերը ԱՄՆ-ում համարում են, որ Թրամփը իրոք Մոսկվայի համար նախընտրելի թեկնածու էր իր մրցակից Հիլարի Քլինթոնից, որ ծայրահեղ կտրուկ հայտարարություններ էր անում Ռուսաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ: Պաշտոնակալությունից առաջ մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ ԱՄՆ նոր նախագահը առաջինը կարող է հանդիպել Վլադիմիր Պուտինին, սակայն երկու կողմերն էլ հերքեցին տեղեկությունը, իսկ Կրեմլում հայտարարեցին, որ Պուտինի ու Թրամփի առաջին հանդիպումը լավագույն դեպքում կկայանա մի քանի ամսից:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հավելեմ, որ ԱՄՆ և ՌԴ նախագահների հեռախոսազրույցը ևս տևել է 45 րոպե, ու եթե Թրամփը շրջապատված է եղել Սպիտակ տան աշխատակիցներով, Վլադիմիր Պուտինը մենակ է եղել: ԱՄՆ նախագահի ընտրության վեցերորդ օրը՝ նոյեմբերի 14-ին ևս հեռախոսազրույցում նրանք քննարկել էին միջազգային ահաբեկչության ու էքստրեմիզմի դեմ համատեղ պայքարի անհրաժեշտությունը: ՈՒ նույնպես պայմանավորվել էին շարունակել հեռախոսային զրույցները՝ անձնական հանդիպման հեռանկարով:


Փաստացի՝ նոյեմբերից հունվարի վերջ երկու երկրների օրակարգում եղել և մնացել է մեկ փոխընդունելի հարց՝ պայքարը միջազգային ահաբեկչության դեմ, բայց ինչքան ստեր են նրանք միմյանց ասել՝ Դոնալդ Թրամփը խնդրել է երջանկության ու բարգավաճման իր մաղթանքները փոխանցել ռուս ժողովրդին, նշելով, որ ԱՄՆ-ի ժողովուրդը համակրանքով է վերաբերվում Ռուսաստանին ու նրա քաղաքացիներին: Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանում համանման զգացումներ ունեն ամերիկացիների նկատմամբ: Թեև երկուսն էլ գիտեն, որ սոցիոլոգիական հարցումներով՝ երկու երկրների քարոզչությունը հասցրել է ռուսներին տրամադրել ամերիկացիների, ամերիկացիներին՝ ռուսների դեմ: Համարենք, որ սառույցը շարժվել է:


Քննարկե՞լ են նրանք իրավիճակը Հարավային Կովկասում, Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը: Հավանաբար՝ ոչ: Առաջին հեռախոսազրույցի համար դա, թերևս, արդիական պրոբլեմ չէ: Ինչպես վայել է մեծ դիվանագիտությանը, առայժմ երկու երկրների նախագահներից ցածր պաշտոնյաները կշփվեն ու տեսակետներ կփոխանակեն, իսկ հետո՞: Համենայն դեպս՝ կա ԵԱՀԿ Մինսկի խումբը, որտեղ համանախագահ են և Ռուսաստանը, և ԱՄՆ-ը:

Դիտվել է՝ 1315

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ